вторник, 10 января 2012 г.

Գույնզգույն երազների մոխրագույն իրականությունը

" Ամբոխին զուգընթաց գնացող կինը հավանաբար շատ ավելի հեռուն կհասնի, քան ամբոխը, միայնակ  քայլող կինը հավանաբար կլինի այնպիսի տեղերում, ուր ոչ ոք մինչ այդ չի եղել"  Ալբերտ Էյնշտեյն

 Չգիտեմ ինչ օր էր, չեմ հիշում ուր էի գնում, միայն հիշում եմ, որ դուրս եկա մեր վարդագույն շենքի մուտքից, իջա աստիճաններով ու զգացի գիշերվա անձրեւից հետո օդում տիրող թարմությունը... Անցա բակի աշնանային ոսկեզօծ ծառերի միջով ու դուրս եկա փողոց, ուր կյանքն ընթանում էր իր սովորական ուրախ հունով... Ուրախ, ժպտերես, բարի անցորդներ, գույնզգույն անձրեւանոցներով ու վերարկուներով կանայք եւ աղջիկներ, սիրահար զույգեր, հանդարտ ու զիջող վարորդներ, զգույշ երթեւեկություն, կարմիր ու ոսկեգույն ծառեր, երկնագույն վերարկուով, գույզգույն վզկապով, կարմիր գլխարկով ու ձեռնոցներով մի աղջիկ եւ նրա ականջակալներում հնչող մթնոլորտին համահունչ երաժշտություն...
  Չգիտեմ ինչ օր էր, չեմ հիշում ուր էի գնում, հիշում եմ, որ ամեն ինչից գոհ էի եւ ինձ` յուրահաատուկ լավ ու երջանիկ էի զգում, զգացմունք, որ այնքան անծանոթ էր... Հետո հիշում եմ, որ անցնում էի փողոցը, երբ մի վարորդ ազդանշանեց`  այդպիսով խախտելով փողոցի անդորրը... 

...Անց եմ կենում` շուրջս մարդիկ,
Շուրջս դեմքեր հազար-հազար, 
Շուրջս աշխարհն է աղմկում,
Մարդկային կյանքն անհավասար...
  Եղիշե Չարենց

 Հետո... Հետո... Զարթուցիչի զզվելի ձայն, անկողին, ես, հայելում երեւացող իմ դժգոհ դեմքը, կողքի սենյակից եկող մայրիկի առավոտյան սուրճի հոտը` խառնված ծխախոտի ծուխի հետ...
Հետո հիշում եմ, որ դուրս եկա մեր հին մոխրագույն ամենասովորական երեւանյան շենքից, զգացի օրերով կուտակված աղբի գարշահոտը,անցա բակի մեկ-երկու փոքրիկ կիսաչորացած մերկ ծառերի միջով, առաջին հարկի պատուհաններից լսեցի ինչպես միշտ կռվող հարեւանների աղմուկը եւ դուրս եկա փողոց... Դժգոհ, անժպիտ, տխուր դեմքեր, սեւ ու գորշ վերարկուներ, վայրենի երթեւեկություն,անվերջ  հայհոյող վարորդներ, ստվարաթիվ մերկ ծառեր եւ  երկնագույն վերարկուով, գույզգույն վզկապով, կարմիր գլխարկով ու ձեռնոցներով մի աղջիկ եւ նրա ականջակալներում հնչող մթնոլորտին համահունչ երաժշտություն...