Մի քանի օր առաջ համացանցում հայտնաբերեցի պապիս հարցազրույցը` տրված ինչ-որ Հայոց Եղեռնին նվիրված կայքի: Երկար մտածելուց հետո որոշեցի, որ ճիշտ կլինի, եթե ուրիշներին եւս ծանոթացնեմ միլիոնավոր հրեշավոր պատմություններից միայն մեկի հետ, մանավանդ որ մոտենում է հայոց պատմությաան մեջ ամենադաժան, ամենաողբալի օրը` ապրիլի 24-ը : Փոքրիկ ընտանեկան պատմություն, որը մնացած բոլորի պես, ներկայացնում է թուրքական աններելի ոճիրը: Եւ այսպես` եղեռնը` պապիս պատմածով: Գրում եմ ուղիղ խոսքով: Պատմում է պապս` Գուրգեն Մուրադյանը:
"Մինչեւ տասներկու–տասներեք տարեկան հասակս
չեմ զգացել, որ վերցնովի երեխա էի, որովհետեւ տատս, պապս
ուրիշ երեխա
չեն ունեցել եւ ինձ ջերմությամբ են շրջապատել, բայց
հետո հարեւաններիս երեխաներից լսել եմ, եւ այդպես շարունակվեց մինչեւ հիսունական թվերը։ Եղբայրս՝ Սուքիաս Մինասյանը, ինձ գտավ, բայց ահա թե ինչպես գտավ։
Ամենամեծը մեր չորս երեխաներից եղել են այդ եղբայրս եւ երկու քույրերս։ Ես մեկ տարեկան եմ եղել, երբ 1915 թ. Ալաշկերտի Գյուլզետկան գյուղից գաղթել
ենք. մեկ կիլոմետրի չափ գյուղից դուրս
գալուց, կանգնեցրել են մեր քարավանը եւ հորս կապել են ծառին ու բոլորի աչքի
առաջ սպանել։ Մորս հրամայել են՝ չորս
երեխաներիդ առ ու գնա։
Երեքը ոտքով
գնացել են, ես՝ մորս
գրկում, երեքուկես ամիս ճանապարհ ենք գնացել, դեպի Բայազետ, Իգդիր, Էջմիածին, մինչեւ հասել ենք Երեւանի Ս. Սարգիս եկեղեցու բակը։
Այդ ժամանակ շատ լիքն
էր այդ եկեղեցու բակը։
Ամենուրեք հիվանդներ էին ու մեռելներ։ Հատուկ
սայլ կար, որ մեռածներին հավաքում էր ու տանում։ Էն ժամանակ Ս. Սարգսից էն կողմ
Ղանթարն էր։ Մեր գաղթական երեխեքը՝ քույրերս, մեծ եղբայրս, գնում էին հաց–մաց ճարում, բերում, ուտում
էինք։ Մայրս
երկար ճանապարհներին տառապած էր, ինձ կրծքով
է կերակրել, բայց Երեւան հասնելուց տասներկու–տասներեք օր հետո
մայրս վատ է զգացել, եւ ես լաց եմ եղել։
Երկու ամուսիններ, որոնք
երեխա չունեին, միշտ ամեն
օր եկել
են եկեղեցու բակը, տեսել են մորս
ծանր վիճակը եւ ինձ։ Հաջորդ
օրը եկել
են, տեսել են մայրս
մահացած է, եւ երեխան էլ կրծքի վրա լաց է լինում։ Էն ժամանակ եղբայրս գալիս է Ղանթարից, տեսնում է նրանց։
Նրանք ասում
են. – Մենք վերցնում ենք այս երեխային, տանում ենք Կոնդ։ Եղբայրս երբ դառնում է տասնհինգ–տասնվեց տարեկան, մտածում է իր քույրերի մասին։ Ամերիկացիները որբանոց են բացում, եւ այդտեղ քույրերս տեղավորվում են։ Այդ որբանոցի որբուհիներին տանում են Ամերիկա։ Մի քանի քաղաքներ է գրում, փնտրում է քույրերին՝ չի գտնում։ Սկսում
է մտածել
իմ մասին։
Հիշողությամբ մտածում է, որ երբ ինքը
տասը տարեկան էր, մի մարդ ու կին եղբորը
տարան Կոնդ
Էն ժամանակ ես Աշտարակում խերեսի գինու
գործարանի շենքն
էի կառուցում։ Եղբորս գտնելուց առաջ, մեկը ինձ մոտեցավ։ Ասաց. – Էս քանի օրը գալու եմ ձեզ մոտ, եղբորս գտնելու։ – Հաստատ գիտե՞ս, – ասեցի։ Յոթ–ութ օր հետո, ես իմ առանձնասենյակում նստած էի, դուռը թակեցին, մի մարդ
ու մի կին ներս
մտան։ Կինը
եկավ նստեց, իսկ ամուսինը չնստեց։ Եկավ
իմ ուսագլխին կանգնեց։ Կինը
սկսեց պատմել։ Այդ նույն
ժամանակ ամուսինը՝ ուսավերեւումս կանգնած՝ ուզում
էր ինձ հետ շփվել։
Նա 1904 թ. ծնված
էր։ Երբ կինը շատ մանրամասն պատմեց, ես անտարբեր լսում էի։ Այդ նույն
ժամանակ ամուսինը շատ անհանգիստ էր։ Մեկ, մեկուկես ժամ տեւեց այդ խոսակցությունը, եւ պարզվեց, որ դա իմ եղբայրն է։ Վերջապես իմ կարծիքը հարցրեցին։ Ես ասեցի՝ մինչեւ ինձ խնամող
ու պահող
մայրիկիս հետ չխոսեմ, չեմ կարող պատասխան տալ։ Բայց
երկու օրից
ինձ կանչեցին Երեւան, կոլեգիայի նիստի։ Երկու
ժամ ժամանակ կար, մոտիկ ընկերներ ունեի, գնացի Գերասիմի մոտ՝ խորհուրդ հարցնելու։ Սա տեղից վեր կացավ, համբուրեց, ասաց. – Որտե՞ղ է ապրում։ Ես դուրս եմ եկել, ընկերս գտել է եղբորս, սկսել է պատմել։ Կոլեգիայից հետո
տուն եմ գալիս, արդեն հայրիկս չկար, մայրս միայն
ողջ էր։ Կնոջս հարցրի։ Մայրս ասաց. – Հանգի՜ստ, եկել են, տեսել ենք։ Գուրգե՜ն ջան, մինչեւ հիմա
մեկն եմ ունեցել, հիմա՝ երկուսն ունեմ։
Էդ րոպեին
եղբայրս եւ իր կինը ներս
մտան, ուրախության սեղան բացեցին, քեֆ ուրախություն սարքեցին։ Տատիս
անունը Ծովինար էր, մորս անունը Շողակն
էր, կնոջս՝ Եվգենիա, զավակներս՝ Լաուրան, Արան, Աբգարը եւ Գագիկը։ Այս բոլորի պատճառը թուրքերի կոտորածներն էին։ 1915 թ. Ալաշկերտը եւս զոհ գնաց
այդ զուլումին։ Այդպիսով ես մինչեւ իմ կյանքի վերջը
կրեցի իմ ազնիվ հոր՝
Աբգար Մուրադյանի անուն–ազգանունը, քանի
որ նրանք
փրկեցին ինձ։
Ես ու եղբայրս ինչքան
փնտրեցինք՝ հիշելու մեր իսկական մոր անունը, այդպես էլ չկարողացանք հիշել, քանի որ եւ՛ ես, եւ՛ ինքը
շատ փոքր
էինք"։
