суббота, 12 января 2013 г.

Բարի երթ :))

 Ժամը մոտավորապես 11-ին 5 պակաս, օրը՝ հինգշաբթի, փողոց, աղմուկ, կիսակոճկած վերարկու, 5 րոպեից սկսվող իմ դասը, մի խոսքով ՝ հերթականն այն օրերից, երբ ես արթնացա դասից րոպեներ առաջ: Միակ փրկությունս տվյալ իրավիճակում՝ ՏԱՔՍԻ:
 Քչերը չեն համաձայնվի, որ շատ հաճախ տաքսուց իջնում ես լավ կամ վատ տպավորված. տպավորված վատ երաժշտությունից կամ հակառակը՝ հաճելիորեն զարմացնող, ավելի ու ավելի հազվադեպ հանդիպող լավ երաժշտությունից, զանազան երկար-բարակ պատմություններից եւ այլն, բայց հենց այս հինգշաբթի օրվա ինձ պատահած 06 մակնիշի  մեքենայի վարորդին ինձ թվում է կհիշեմ ողջ կյանքիս ընթացքում:
 Եւ այսպես, ժամը՝ մոտավորապես 11-ին 2 պակաս, 06 մակնիշի մեքենայի հին, մաշված սրահ, լուռ, ուշադիր վարորդ, հեռախոսազանգ.
 - Լավ, բալես, կբերեմ, անպայման կբերեմ, չմտածես:
 11:5 ես արդեն համալսարանիս մոտ եմ, գրպաններիս խառնաշփոթում կոպեկ չհայտնաբերելով՝ վարորդին եմ մեկնում Եղիշե Չարենցի դիմանկարը կրող թղթադրամը եւ արժանանում վարորդի՝ երեւի ամենաշաբլոն պատասխանին. <Մանր չունեմ>:
7 րոպե է ինչ դասս սկսել է. մանր պահանջելու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ առավել եւս ժամանակ: Խնդրում եմ վերցնել գումարը առանց մանրի եւ զարմանալիորեն արժանանում համառ մերժման: Մոտ 5 րոպե վիճաբանելուց հետո առաջարկում եմ գնալ մոտակա խանութը գումարը մանրելու, եւ ի պատասխան ստանում երբեւէ տաքսիստներից լսած ամենաանսպասելի եւ բարի առաջարկը.
 - Աղջի՛կս, արի դու գնա խանութ, ես քեզ նման շեկլիկ բալիկ ունեմ, կինդեր ձվիկ ուզեց, գնա՛ խանութ, գնի՛ր 1 հատ բալիկիս համար եւ այդպիսով վերջացնենք: Համաձա՞յն ես:
 Իհարկե համաձայն եմ: Հաշիվը փակելու ամենաօրիգինալ ու բարի ձեւը:
 11:15, համալսարանի բակ, արդեն 15 րոպե ընթացող դաս, ամբողջ օրվա համար ապահովված պոզիտիվ տրամադրություն:))))